Կաթիլային ոռոգման համակարգը նախատեսված է բույսերի տեղային (լոկալ) ոռոգման համար: Այս մեթոդի էությունը կայանում է նրանում, որ հողը խոնավեցվում է հենց այն քանակով և այն մասում, որտեղ անհրաժեշտ է, այսինքն՝ բույսի կամ ծառի արմատամերձ տարածքում: Կաթիլային ոռոգումը թույլ է տալիս տնտեսել ոչ միայն ջուրը, այլ նաև պարարտանյութերը, էներգիան և աշխատանքը: Քանի որ ոռոգումը իրականացվում է կաթիլներով, ապա բացառելով գոլորշիացումը՝ մի քանի անգամ կրճատվում է ջրի ծախսը: Կաթիլային համակարգի կարևոր առավելություններից են նաև պարարտանյութերն արդեն ջրի մեջ լուծված տալու հնարավորությունը, բերքի վաղ հասունացումը, բերքատվության աճը, հողի քայքայման կանխումը, հիվանդությունների և մոլախոտերի տարածման հավանականության նվազումը և այլն: Կաթիլային համակարգի միջոցով հնարավոր է ավտոմատացնել ոռոգման ամբողջ գործընթացը:
Կաթիլային ոռոգման խողովակները, կախված տեսակից, նախատեսված են 0,5-4 մթն. աշխատանքային ճնշման պայմաններում աշխատելու համար: